ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ԲՋԻՋՆԵ՞ՐՆ ԵՆՔ
Հեղինակ`
Պիեռ Բիտար
18 փետրվարի 2013 թ.
Բջիջը սահմանվում է որպես «կյանքի նվազագույն միավոր, որը դասակարգվում է որպես ապրող օրգանիզմ»: Ապշեցուցիչ է, մարդու մարմնում մոտ 100 տրիլիոն բջիջ կա: Հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այդ թիվը, պատկերացրեք, որ Աստված ամեն վայրկյան մի մարդ կամ կին է ստեղծում: Քանի՞ հոգի կստեղծվի 3 միլիոն տարում: Պատասխանն է` 100 տրիլիոնից պակաս:
Կամ Ձեզ մոտ կարող է մեկ ուրիշ հարց առաջանալ: Մենք որևէ կերպ կառավարու՞մ ենք մեր մարմնում պարունակվող այդ անթիվ-անհամար բջիջները: Ինչ-որ առումով` պատասխանն այո է: Օրինակ` երբ մոծակը խայթում է մեզ, մենք ո՛չ միայն զգում ենք դա, այլև գիտենք, թե մաշկի կոնկրետ որ մասում է դա տեղի ունեցել:
Ճիշտ այդպես, Սուրբ Գրքից մենք գիտենք, որ երբ մեղք ենք գործում, վիրավորում ենք Աստծուն: Մեր մեղքը Նրան շատ ավելի մեծ ցավ է պատճառում, քան մեզ` մոծակի խայթոցը: Նա գիտե մեղքի բնույթը և մեղք գործողի անունը: Այլ խոսքով` մեզանից յուրաքանչյուրի հոգին կապված է Աստծո հետ` ճիշտ այնպես, ինչպես մեր մարմնի բջիջներն են կապված մեր ուղեղի հետ: Ուսումնասիրելով մարդուն մենք ավելի լավ ենք հասկանում Աստծո էությունը:
Այս համեմատությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ մարդն Աստծո նմանությամբ է ստեղծվել: Ծննդոց գրքի 1:26-րդ գլխում ասվում է. «Աստուած ասաց. Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ...»։ Վերջ ի վերջո, Նա մեր Հայրն է, և մենք Նրանից ենք շունչ ու հոգի ստացել: Ծննդոց գրքի 2:7-րդ գլխում գրված է. «...նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ:» Աստծո շունչը մեր մեջ է, ուստի մենք կրում ենք Նրա գենը:
Մոծակի խայթոցից ավելի վատն այն է, երբ բջիջը քաղցկեղի բջջի է վերածվում ու ձևափոխում իրեն շրջապատող բջիջները` ուռուցք առաջացնելով: Երբ մարդ մեղք է գործում, հետո զղջում է ու թողություն խնդրում, Աստված ներում է նրան: Բայց եթե մարդ շարունակում է առանց զղջալու կամ ապաշխարելու մեղք գործել և ուրիշներին էլ գայթակղել կամ ստիպել, որ իր հետ մեղք գործեն, նա իր հոգին հավիտենական մահվան է դատապարտում:
Չնայած հրեշտակապետ Լյուցիֆերի ամբարտավանությունը մղեց նրան նախանձել Աստծուն և ձգտել Նրա նման դառնալ, Աստված կներեր նրան, եթե նա զղջար իր արարքի համար ու թողություն խնդրեր: Բայց Լյուցիֆերը հրեշտակների երրորդ մասին համոզեց, որ կարող են իրենք էլ Աստծո նման դառնալ, եթե իր ետևից գան: Դրա արդյունքը եղավ Լյուցիֆերի անկումը, որը դարձավ սատանա, և նրա հետևորդների անկումը, որոնք դարձան խավարի կամ չարքերի հրեշտակները: Նրանք բոլորը հավիտենական մահվան դատապարտվեցին:
Երբ բջիջները քաղցկեղի են վերածվում, վիրաբույժը կտրում ու դեն է նետում դրանք: Դրան հակառակ` Աստված չի ցանկանում, որ մարդն Իրենից բաժանվի ու դժոխք նետվի: Նա ուզում է, որ մարդը շարունակի Իր մեջ մնալ, ինչպես Նա ասում է Հովհաննեսի ավետարանի 15:4-րդ գլխում. «Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք:» Հովհաննեսի ավետարանի 15:6-րդ գլխում Նա ասում է նաև. «Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ'այրուի:»
Վերը բերվածի իմաստ այն է, որ մենք պետք է միշտ հիշենք, որ մեզ ամենակարող Աստծո, Արքաների արքայի և Տերերի տիրոջ զավակները լինելու բախտ է վիճակվել: Մենք պետք է հնազանդ լինենք և պատվենք Նրա սուրբ անունը` ինքներս սուրբ լինելով: Մենք պետք է նաև խուսափենք մեղք գործելուց, որը Նրան ցավ ու տառապանք է պատճառում: Աստված մեզանից յուրաքանչյուրին ավելի է սիրում, քան ցանկացած այլ բան, որ ստեղծել է: Նա իր անհուն սերն ապացուցեց, երբ աշխարհ եկավ Հիսուս Քրիստոսի մարմնում` որպես մարդ արարած, և կրեց բոլոր հնարավոր նվաստացումները, որ մարդը կարող է կրել` գառան նման խաչի վրա Իր թանկարժեք արյունը թափելով, որպեսզի մաքրի մեզ մեր բոլոր մեղքերից: Նա ուզում էր, որ մենք նոր Ադամ և Եվա դառնանք` Սուրբ Հոգով ծնված (կրկին ծնված), որպեսզի Նրա կողքին հավերժական կյանքով ապրենք Իր Թագավորությունում:
------ o ------
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Նրանք, ովքեր կարծում են, որ վերը շարադրվածը պետք է տարածել, կարող են տպել այն հանդեսներում, թերթերում, եկեղեցական թերթիկների վրա և այլն: «Մենք Աստծո բջիջնե՞րն ենք» գրությունը կարելի է նաև էլեկտրոնային տեսքով տարածել` էլեկտրոնային հաղորդագրություններով և համացանցում զետեղելով:
|